ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Թափառող շների խնդիրը Հայաստանում սրվում է, արդյունավետ լուծումներ են փնտրվում։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։ Իշխանական պատգամավորը փոխանցել էր Գորիսից ստացված ահազանգերն այն մասին, որ թափառող շների թիվն ավելացել է և նրանք վտանգավոր են դարձել։
Սանոսյանի խոսքով՝ Հայաստանի 71 համայնքներից 25-ում հիմա կիրառում են մայրաքաղաքի փորձը՝ ստերջացնում են շներին։ Խնդիրն այն է, որ Երևանում համապատասխան ՀՈԱԿ կա, իսկ համայնքներում խնդրով զբաղվելը պատվիրակվում է մասնավոր կազմակերպություններին։
«Երկու դժվարություն կա․ հաճախ այդ մրցույթներին մասնակցող ընկերություններ չկան, այլապես այդ 25-ի փոխարեն թիվն ավելին կլիներ։ Մյուս դժվարությունն այն է, որ համայնքները երբեմն ֆինանսական որոշակի խնդիրներ ունեն, բյուջեում պլանավորած չունեն այսպիսի ծախսեր»,- նշեց Սանոսյանը։
Ըստ նրա՝ խնդիրն իսկապես մտահոգող է, բայց անհրաժեշտ է, որ շահագրգիռ տարբեր կողմեր, գերատեսչություններ միանան և փորձեն հարցի համար արդյունավետ լուծում գտնել։
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Սուրենավան գյուղում թափառող շները հարձակվել են 3 երեխայի վրա, մեկը մահացել է։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ–ն հայտնեց, որ 7 տարեկան տղան մահացել է ընկնելու հետևանքով։