ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) դպրոցականների համար «Գյուղի ապագա առաջնորդներ» կրթական նախագիծ է գործարկել։ Տեղեկությունը հայտնում են ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
«Ռուսական տունը Հայաստանում գործարկել է «Գյուղի ապագա առաջնորդներ» ագրոդպրոցը: Առաջին դասերն անցկացվել են Արմավիրի մարզի Վանանդ գյուղի հիմնական դպրոցում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Խաչատուրով Գրուպ» ընկերության և «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
«Դուք կդառնաք այս գյուղի և մարզի ամենակարևոր մարդիկ, եթե զբաղվեք գյուղատնտեսությամբ։ Այս ոլորտը հատկապես կարևոր է. աճում է սննդի պահանջարկը», - աշակերտներին դիմել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Վադիմ Ֆեֆիլով
© Photo : Русский дом в Армении
Նա խոսել է Չինաստան կատարած ուղևորության մասին և օրինակ բերել այդ երկրի գյուղական շրջանները, որտեղ ագրոբիզնեսով զբաղվող բնակիչները սովորաբար ամենահարուստն են։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և բաժնի պետ Մերինե Աթոյանն իր հերթին ինտերակտիվ ձևաչափով 6-11-րդ դասարանների աշակերտներին պատմել է գյուղատնտեսության արդյունավետ վարման մասին և հետաքրքիր փաստեր ներկայացրել ոլորտից:
Ուսումնական հաստատության տնօրեն Հայկ Խաչիկյանը կազմակերպիչներին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում նման նախագիծ իրականացնելու համար: