ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև անմիջական սահմանազատման գործընթացին. ՌԴ ԱԳՆ

Արխիվային լուսանկար
Մասնավորապես, դա ենթադրում է անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անմիջական աշխատանքների ընթացքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների վերջերս կայացած հանդիպումը սահմանին: Միջոցառման ընթացքում կողմերը համաձայնեցրել են մեթոդաբանական և կազմակերպչական հարցեր` սահմանազատման գործնական աշխատանքների մեկնարկի նախապատրաստման շրջանակներում:
«Մեր կողմից մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել սահմանազատման անմիջական գործունեության ընթացքում։ Դա ենթադրում է նաև անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում։ Մասնավորապես, դա երեկ հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։
Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է երկու երկրների միջև սահմանազատման պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: