ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է շատ ակտիվ պայքարի մեջ ներգրավվել միանգամից երկու ուղղությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Ալավերդիում տեղի ունեցած համայնքապետի իմպիչմենտը։
Սուրեն Սուրենյանց
© Sputnik / Aram Nersesyan
Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Այնտեղ, որտեղ ՔՊ-ական չէ համայնքապետը, տարբեր քայլեր են ձեռնարկվում նրան, այսպես ասած, խաղից հանելու համար։ Քաղաքագետը հիշեցնում է Վանաձորի օրինակը` համայնքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ քրեական գործ հարուցվեց, նա արդեն մոտ երկու տարի է՝ անազատության մեջ է։ Մեկ այլ տեղում քվեարկության արդյունքներն են կեղծում, ճնշում գործադրում վարչակազմի վրա, ինչպես, օրինակ, Վարդենիսում։
«Իշխանական կուսակցությունը զբաղվում է տեղական ինքնակառավարման մարմինների ուզուրպացմամբ»,- նշեց Սուրենյանցը։
Նրա կարծիքով՝ իշխող ուժը փորձում է «խմբագրել» ընտրությունների արդյունքները, որպեսզի երկրի բոլոր համայնքները ղեկավարվեն ՔՊ-ականներով։ Դա արվում է նաև չափազանց ռեպրեսիվ մեթոդներով՝ ոստիկանության կոշտ գործողություններ, նիստերի անցկացում կանոնակարգի և օրենքի խախտումներով։
«Այն, ինչ տեսանք Ալավերդիում, խայտառակություն էր։ Ես շուրջ 30 տարվա քաղաքական կենսագրություն ունեմ, նման բան որևէ իշխանության օրոք չեմ հիշում՝ նման ճչացող ու արտառոց խախտումներ, դեմոկրատիայի նկատմամբ նման ոտնձգություններ անգամ ֆորմալ կողմը չէին պահել»,- նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ ՔՊ-ական գործելակերպի երկրորդ ուղղություն էլ խոշոր կապիտալի դեմ ապօրինի ձեռք բերված գույքի դեմ պայքարն է, ըստ նրա՝ չարդարացված ու շինծու հետապնդումը։
«Իշխանության գործողությունները տանում են ՏԻՄ-երի վարկաբեկման։ Այսինքն՝ քաղաքացիները կսկսեն տոտալ անվստահություն ունենալ ՏԻՄ-երի նկատմամբ, քանի որ նրանք կատարում են իրենց ընտրությունը, իսկ արդյունքում ստանում են այլ ղեկավարություն, այլ քաղաքական դասավորվածություն, մարդիկ սկսում են ՏԻՄ-երին չվստահել։ Ի դեպ, այդ անվստահությունն արդեն կար։ Ալավերդիից առաջ քանի տեղի էին ունեցել մի շարք ոտնձգություններ ՏԻՄ-երի հանդեպ, հիշենք Ախուրյանը, Վանաձորը, դրանից առաջ` Թալինը»,- նշում է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ հենց սա է պատճառը, որ Երևանում ընտրողների` նման քիչ մասնակցություն գրանցվեց ավագանու ընտրությունների ժամանակ՝ ընդամենը 28 տոկոս։
Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ ՏԻՄ-երի վարկաբեկումն ավելի գլոբալ առումով կհանգեցնի նրան, որ քաղաքացիների զգալի մասի մոտ խորը հիասթափություն կառաջանա ընտրությունների ինստիտուտի նկատմամբ։ Նա մտավախություն ունի, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նրանք կարող են մտածել Հայաստանում փոփոխությունների հասնելու ավելի արմատական մեթոդների մասին։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարություններին, թե իշխող ուժը կողմ է առողջ մրցակցությանը, երբ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն չէր հաղթում, Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն այդկերպ փորձում էր թաքցնել իր թիմի վարկանիշի անկումը։
«Հիշում եմ` 2021 – ի Վարդենիսի ընտրությունների ժամանակ երբ պարզ դարձավ, որ ՔՊ-ն պարտվում է, ամեն ինչ արեցին՝ դատական քաշքշուկ, նիստերի հետաձգում՝ ցանկալի արդյունք ստանալու համար։ Ի վերջո, բոլոր ռեսուրսները սպառվեցին, բայց Վարդենիսում իրավիճակը փոխելու սևեռուն մտքից չհրաժարվեցին։ Իրականում նրանք ամենուր ձգտում են առավելագույնս կոնսոլիդացնել վարչական ռեսուրսը ցանկալի արդյունք ստանալու համար»,- պնդում է քաղաքական վերլուծաբանը։
Սուրենյանցը վստահ է՝ մենք գնում ենք դասական ավտորիտարիզմի ձևավորման ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու այլ տարբերակ չունի, որովհետև մի կողմից բացակայում է հանրության վստահությունը, մյուս կողմից՝ առկա են ձախողումներ բոլոր ուղղություններով։