ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է ԱՄՆ:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք «The Universality of the International Criminal Court: On the importance of ratifying the Rome Statute and the Agreement on the Privileges and Immunities of the ICC» խորագրով կլոր սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով»,-մասնավորապես նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: