ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հակասական հայտարարությունները:
Նա ճեպազրույցի ընթացքում նշել է, որ հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչների միայն մի մասն է «Լարսում» ստեղծված իրավիճակը քաղաքական ճնշում համարել:
«Ապացույցը, որ դա երկրի և Հայաստանի ամբողջ քաղաքական իսթեբլիշմենթի կարծիքը չէ, նաև այն փաստն է, որ բառացիորեն օրերս խորհրդակցություններ կայացան ԵՏՀ գծով, Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության շրջանակներում, հենց այն հարցերի շուրջ, որոնք հայ գործընկերներն ունեին «Վերին Լարսի» անցակետով բեռների անցման, ինչպես նաև հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման շուրջ»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ հանդիպումներն առարկայական, կառուցողական բնույթ են կրել, կողմերը քննարկել են փոխընդունելի հանգուցալուծումների որոնման հետ կապված հարցերի համալիր: Զախարովայի խոսքով՝ եղել են և կան մեխանիզմներ, որոնցից խնդիրների առաջացման դեպքում կարելի է և պետք է օգտվել, ինչն էլ հիմա տեղի է ունենում։
Նա իշխանության որոշ ներկայացուցիչների խորհուրդ տվեց կարդալ հայկական լրատվամիջոցները և մտածել, թե արդյոք դա քաղաքական ճնշում չի ՌԴ ներկայացուցիչների վրա վիրավորանքների, ֆեյքերի տարածման, ապատեղեկատվության միջոցով:
«Արժե հայելու մեջ նայել»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԵՏՀ հարթակում խորհրդակցություններ են կայացել Վերին Լարսում իրավիճակի վերաբերյալ:
Արդյունքում դեկտեմբերի 2-ին անցակետը բացվել է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական մթերքներով բեռնատարների համար։