ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն ակնկալում է, որ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները մոտ ապագայում կավարտվեն:
Նա հիշեցրել է, որ արդեն հիմա ԱՄԷ-ում մի շարք համատեղ նախագծեր են իրականացվում «Kizad» արդյունաբերական գոտում, այդ թվում՝ հավաքման, որոնք, ինչպես նախատեսվում է, կապահովեն ոչ միայն Էմիրությունների, այլև Պարսից ծոցի մերձակա երկրների շուկան:
Մանտուրովը նաև հիշեցրել է ռուսական «Aurus» ներկայացուցչական դասի ավտոմեքենայի՝ Էմիրությունների շուկա դուրս գալու մասին:
«Եթե տեխնիկական պարամետրերով համեմատենք այս դասի այլ ավտոարտադրողների հետ, ապա շատ մրցունակ արտադրանք է ստացվել, հատկապես տեղական շուկայի համար. թե՛ ավտոմեքենայում ներքին տարածքի ծավալներով, թե՛ հարմարավետությամբ։ Էմիրությունների և հարակից երկրներից սպառողները դա բարձր են գնահատում։ Գին-որակ հարաբերակցությունը մրցունակ է։ Ապրանքի գինը նույնպես ուշադրություն է գրավում», -ասել է Մանտուրովը լրագրողներին ՌԴ-ի և ԱՄԷ-ի միջև բարձր մակարդակի բանակցությունների շրջանակում։
Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄԷ-ի առաջնորդ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ներկայիս պայմաններում ընդհանուր առմամբ ազդանշան են բիզնեսի, արտաքին տնտեսական հարաբերությունների համար՝ հետաքրքիր լուծումներ ու նախագծեր փնտրելու և գտնելու ազդանշան:
Հիշեցնենք` Պուտինը մեկնել է ԱՄԷ և բանակցել Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի հետ։