ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհը մարվել է այսօր` ժամը 11։20-ին։
«Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։ Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից նաև հայտնում են, որ տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Նշվում է, որ այրվում են խաշամ և փայտի թափուկներ։Դեկտեմբերի 4–ին և 5–ին կրակը մարել չէր հաջողվել։