ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանում ամանորյա ձևավորումն ամբողջությամբ նույնն է լինելու, ինչ նախորդ տարի էր, ընդամենը մեկ բացառությամբ, բայց քաղաքապետարանը 11 մլն դրամով ավելի գումար է տրամադրել այս նպատակի համար։ Լրագրողների հետ զրույցում ամանորյա զարդարանքն իրականացնող «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը նշեց` չի ձևավորվի միայն մարզահամերգային համալիր տանող աստիճանների հատվածը, փոխարենը կզարդարվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգին։
Սարդարյանը շեշտեց` 2023 թվականի ամանորյա զարդարանքն ապահովելու համար «Սինեմարտ» ընկերության հետ կնքվել է մոտ 191 մլն դրամ արժողությամբ պայմանագիր, իսկ այս տարի` 202 մլն դրամի։
«Գումարը փոփոխվել է, քանի որ մետաղե կոնստրուկցիաներ են արվում, ինչպես նաև աշխատանքները գիշերային ժամերին են արվում` հավելյալ ծախս է»,– նշեց նա։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես են հետագայում փակվելու Հանրապետության հրապարակի շենքերի պատերին արված անցքերը, ընկերության խոսնակն ընդգծեց` քարի փոշին հավաքվել է, պահեստավորվել, որպեսզի գարնանը լցոնման աշխատանքներ արվեն։ Ճշտող հարցին, թե ինչպես է քարի փոշու հավաքման գործընթացն արվել, Սարդարյանը նշեց. «Աշխատակիցը ծակերն արել է, հետո հենց ինքն էլ հավաքել փոշին»։
Նշենք, որ նախորդ տարի էլ Հանրապետության հրապարակի ամանորյա ձրավորման համար հարակից շենքերի վրա անցքեր էին բացվել, որոնք հետագայում փակվել էին։
«Սինեմարտի» խոսնակը շեշտեց` այս տարի այլ տրամաբանությամբ են արվել և արվում անցքերը։
«Սյուների և կամարների վրա մետաղական կոնստրուկցիաներ են արվել ու դրանց միջոցով լույսերն ամրացվել են։ Փոքր դիամետրով միջամտություններ են իրականացվել, ընդ որում` սյուների շուրջ կոնստրուկցիաները 3 կետից են ամրացված և՛ վերևում, և՛ ներքում»,– ասաց Սարդարյանը։
Նա նշեց, որ ըստ պայմանագրի` մայրաքաղաքի ամանորյա լույսերը միացնելու համար «Սինեմարտ» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջնաժամկետ է նշված դեկտեմբերի 25-ը։
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր` գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-15-ը։