ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ալավերդիում բախվել էին ժողովրդավարություն ու զոռբայությունը, հաղթեց օրենքը։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի իմպիչմենտին։
«Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, ամբողջովին օրինական է,- ասաց Սանոսյանը՝ արձագանքելով դահլիճից լսված փռշտոցին,– առողջություն, այդքան էլ ճիշտ»։
Նրա խոսքով՝ համայնքապետին անվստահություն հայտնելու ամբողջ գործընթացը «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին» օրենքին համապատասխան է իրականացվել։
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որի օգնությամբ ավագանու 14 անդամները կարողացել են նիստ գումարել և անվստահություն հայտնել համայնքապետին, թեպետ, ըստ նրա, համայնքապետի կողմնակիցները փորձել են խոչընդոտել նիստի գումարումն ու անցկացումը։
Սանոսյանի խոսքով՝ վերջին ամիսներին Ալավերդի համայնքը բնականոն կյանքով չէր ապրում, համայնքի ղեկավարը չուներ ավագանու համապատասխան թվով ձայներ, որ նիստ գումարեր, համայնքում ծրագրված մի շարք աշխատանքներ կանգնած էին։ Նա խոստովանեց, որ որպես տարածքային կառավարման նախարար ուրախ է, որ վերջապես խնդրի լուծում գտնվեց, քանի որ Ալավերդին չկառավարվող փուլից թևակոխել է կառավարվող փուլ։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
Դեկտեմբերի 5-ին Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։