Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմ չի ուզում, բայց երաշխիքներ են պետք. Ալիև

Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը ոչ մեծ փաստաթուղթ է, որում շուրջ 20 կետ է ներառված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Բաքուն պատերազմ չի ուզում Երևանի հետ, և այս առումով երաշխիքներ են պետք։ Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ–ները, Բաքվում կայացած համաժողովում այս հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք կցանկանայինք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ չլիներ, և այդ առումով պետք է երաշխիքներ լինեն», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով` Ադրբեջանը մի շարք միջազգային մարտահրավերների է բախվել։ Ալիևը ափսոսանք է հայտնել, որ Բաքուն որոշ երկրների հետ, որոնց նա գործընկեր է համարում, որոշակի թյուրըմբռնում ունի։ Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները նրանց հայտնում են իրենց դիրքորոշումը և ընդգծում միջազգային իրավունքի կիրառման կարևորությունը բոլոր երկրների նկատմամբ։
«Այն չպետք է ընտրովի լինի, դրա կատարումը պարտադիր է բոլորի համար։ Ադրբեջանը լուծել է բոլոր հարցերը` օգտվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքից։ Սեփական տարածքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է», – ասել է Ադրբեջանի նախագահը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի թեմային` Ալիևը նշել է, որ այն ոչ մեծ փաստաթուղթ է, որում շուրջ 20 կետ է ներառված։
«Խաղաղության համաձայնագիրը առավելագույնը 6-7 էջից բաղկացած փաստաթուղթ է, որը 20-ից պակաս հոդված է պարունակում։ Միաժամանակ Հայաստանին մի ամբողջ 70 օր պահանջվեց, որ պատասխանի մեր մեկնաբանություններին», – ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների ընդամենը 5-6 փոխանակում է տեղի ունեցել։
«Ադրբեջանական կողմն իր վերջին մեկնաբանություններն ուղարկել է սեպտեմբերի 11-ին», – ասել է Ալիևը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։