Արմեն Գասպարյան, ռուսաստանցի լրագրող, Հայրենական մեծ պատերազմի պատմության հետազոտող
Երբ հիտլերյան Գերմանիան հունիսի սկզբին ներխուժեց ԽՍՀՄ, համաշխարհային մամուլը պնդում էր, որ գերմանական բանակն անպարտելի է, խորհրդային զինված ուժերը շուտով կպարտվեն։ Մոսկվայի մերձակայքում վերմախտի դեմ դեկտեմբերյան հակահարվածը ստիպեց, որ արտասահմանյան թերթերը փոխեն իրենց տոնայնությունը։ Համաշխարհային հանրության համար սենսացիոն նորությունն իրականում խորհրդային զինվորների քրտնաջան աշխատանքի և անձնուրաց գործողությունների արդյունք էր:
Առաջին զորահրամանատարներից մեկը, որ հերքեց գերմանական ռազմական մեքենայի անխոցելիությունը, մեր լեգենդար հայրենակից Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն էր։ Մոսկվայի մերձակայքում հակահարձակման մեկնարկից առաջ նա նշանակվել էր Մոսկվայի ուղղությամբ հարավարևմտյան ճակատի զորքերի շարժական խմբի շտաբի պետ։ Երկրորդ գերմանական բանակը զգալիորեն առաջ էր շարժվել և փորձում էր ճեղքել ճակատը Ելցի շրջանում։ Բաղրամյանին հանձնարարվեց խորհրդային զորքերի գործողությունների ծրագիր մշակել այդ խմբավորմանը ջախջախելու համար։ Նրա մտահղացմամբ իրականացված գործողության արդյունքում թշնամու ստորաբաժանումները ոչնչացվեցին, իսկ գերմանացիների վտանգավոր ելցյան ելուստը վերացվեց։ Բաղրամյանի պլանով իրականացված ջախջախումը կարևոր դեր խաղաց Մոսկվայի մերձակայքում հակահարձակումը զարգացնելու գործում։ Այդ հաջողության համար նրան գեներալ-լեյտենանտի կոչում շնորհեցին, հետո բարձրացրին պաշտոնը։ Բաղրամյանը ամբողջ հարավարևմտյան ուղղության շտաբի պետ դարձավ։
Այս իրադարձություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցները գրեցին, որ Վերմախտի առասպելը ցրվեց Մոսկվայի մերձակայքում…
Այս ճակատամարտում կարևոր դեր ունեցավ ոչ միայն Բաղրամյանը, այլև հայկական ծագումով խորհրդային այլ զորահրամանատարներ։ Արևմտյան ճակատի 33-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժինը ղեկավարում էր գնդապետ Ստեփան Գինոսյանը: Նա մասնակցեց այն գործողության մշակմանն ու իրականացմանը, որը վերացրեց գերմանացիների առաջխաղացումը Նարո-Ֆոմինսկում: Հակառակորդը չկարողացավ զարգացնել իր առավելությունը։ Գերմանական դիվիզիան (երեսուն տանկով) հետ մղվեց հարձակման համախմբված ջոկատի ուժերի կողմից գիշերային անսպասելի հարվածից հետո: Գնդապետ Գինոսյանը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով, ինչպես նաև ներկայացվեց գեներալ-մայորի կոչման:
Մոսկվաի համար մղվող մարտեր
© Sputnik / Александр Устинов
41-ի դեկտեմբերին աչքի ընկան մեր հայրենակիցներից շատերը, բայց այդ ժամանակ Մոսկվայի մերձակայքում նրանցից ոչ ոք իրեն ըստ ազգային պատկանելության չէր առանձնացնում: Խրամատներում բոլորը նույն երկրի քաղաքացիներ էին, նույն հայրենիքի զավակներ, մեկ երդում էին տալիս, և բոլորը հավատարիմ էին դրան։
Խորհրդային Միության փլուզման արձագանքն ազդում է մեր ընկալման վրա՝ ստիպելով մի փոքր այլ կերպ մտածել: Բայց, անշուշտ, շնորհակալական խոսքերով պետք է հիշել բացարձակապես բոլոր նրանց, ովքեր կերտեցին հաղթանակը և մասնակցեցին մարտերին։ Հայաստանը հպարտանում է այդ նշանավոր մարդկանցով, բայց միաժամանակ նրանց պետք է ընկալել անցած դարաշրջանի համատեքստում։ Դա ճիշտ կլիներ պատմության նկատմամբ և ամենակարևորը՝ նախևառաջ նրանց նկատմամբ։