ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեկնաբանել է հասարակական տրանսպորտի ուղեվարձերը թանկացնելու մասին լուրերը։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտնել է, թե Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնելով 150 դրամ։
Կոստանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, նշելով, որ ներկայում նման քննարկում, նախաձեռնություն կամ որոշում չկա։
«Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր»,- գրել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ կապահովի պաշտոնական իրազեկում, կանցկացվեն քննարկումներ, հանրային լսումներ։