Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 16 200 մարդ է զոհվել

Գազայի հատված
Վիրավորների թիվը գերազանցում է 43 հազարը, ավելի քան 7 հազար մարդ անհետ կորած է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբեր 7-ից վեր Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 16 200 մարդ է զոհվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարության տեղեկատվական կենտրոնին։

«Զոհերի թիվը հասել է 16 248–ի, անհետ կորածների թիվը` 7 600–ի, վիրավորներինը՝ 43 616–ի», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: