Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

Մարապի հրաբուխն Ինդոնեզիայիում
Սումատրա կղզում Մարապի հրաբխի ժայթքումից հետո մոխրի սյունը կազմել է 15 հազար մետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում Մարապի հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ հղում անելով Պադանգ որոնողափրկարարական ծառայության ղեկավարի հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում Մարապի հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ևս 10 լեռնագնաց անհետ կորած է համարվում: Ընդհանուր առմամբ, Ինդոնեզիայի իշխանությունը հայտարարել է 75 լեռնագնացների մասին, որոնք թակարդում են հայտնվել կիրակի կեսօրին Մարապի հրաբխի ժայթքման ժամանակ: Այն ժամանակ 49 մարդ հաջողությամբ տարհանվել էր։
«Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի», - նշված է հաղորդագրության մեջ:
Պադանգ որոնողափրկարարական ծառայության ղեկավար Աբդուլ Մալիքը հայտնեել է, որ անհետ կորած համարվող 10 լեռնագնացներից 9-ը մահացած են հայտնաբերվել, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Սումատրա կղզում Մարապի հրաբխի ժայթքումից հետո մոխրի սյունը հասել է 15 հազար մետրի: