Ինչպիսի՞ն կլինի ոստիկանության գվարդիան. քննարկում՝ կառավարությունում

Խորհրդակցություն կառավարությունում
Փաշինյանի խոսքով՝ Ոստիկանության նոր կառուցվածքը պետք է 4 հենասյուն ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ոստիկանության նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով: Դրանցից առաջինի՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքներն արդեն ավարտվում են: Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման հայեցակարգը քննարկվել, ընդունվել է, և մենք այժմ պետք է որոշում կայացնենք ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելի շուրջ»,-հայտարարել է վարչապետը:

Զեկուցվել է, որ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ոստիկանության գվարդիայի անմիջական գործառույթներին, կառուցվածքին, տարածքային ծածկվածությանը, գվարդիայի առջև դրվելիք հիմնական խնդիրներին և այլ հարցերի: