ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը

Գլխադասային հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանն աջակցելուց հրաժարվելը հերթական քննարկման պատճառ է դարձել նիստերի դահլիճում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի նախագիծը: Որոշմանը դեմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 57 պատգամավոր, փաստաթղթին կողմ քվեարկեց 26 ընդդիմադիր պատգամավոր:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն իշխող խմբակցությանը մեղադրեց Արցախյան հարցի համատեքստում իր նախընտրական խոստումները չկատարելու մեջ:
«ՀայաՔվեի» ընդունումը փակելու է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհը. ՔՊ–ական պատգամավոր
Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, հայտարարեց, որ իշխող խմբակցությունը ոչ միայն խախտել է նախընտրական խոստումը ազգային առանցքային հարցում, այլև անում է այդ խոստմանը տրամագծորեն հակառակ ամեն ինչ, և իր գործողություններով իշխանական խմբակցությունը սպանում է պառլամենտարիզմը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում։
«Արդյոք չե՞ք մտածում, որ հիմա ձեր վարքագիծը՝ որպես քաղաքական մեծամասնություն, ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլև օրենքների անտեսմամբ, սահմանադրական կարգավորումների անտեսմամբ, մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ»,- նշեց Մինասյանը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Մինասյանին, թե ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ։
«Դուք մարդկանց ցույց էիք տալիս բեմադրված գնդակահարությունը, ուրախանում էիք դրա համար։ Ինչ վիրավորանք ասես՝ ասեցիք մեզ, մեր ընտրողներին։ Էնքան արեցիք դա, որ անգամ վիրավորանք բառն իր իմաստը կորցրեց։ Էնքան արժեզրկեցիք խոսքը, բառը․․․ Դուք մեր ընտրողների հետ ի՞նչ գործ ունեք։ Մի մասը մեզ ընտրել է առնվազն նրա համար, որ դուք հանկարծակի այստեղ չհայտնվեք»,- ասաց Սիոնյանը։
«ՀայաՔվեն» ժամանակավրեպ չէ, ուշացած չէ. Կոստանյանը բացատրեց նախաձեռնության ակտուալությունը
Սիմոննյանը վստահ է, որ ընտրողների մի ստվար զանգվածի ցանկությունն իրենք կատարել են, իսկ մնացյալի հետ կապված խոստացավ՝ կխոսեն ընտրողների հետ 2026 թվականին։
Ավելի վաղ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումն Ադրբեջանի կազմում արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, և նախագիծը չի կարող քննարկվել լիագումար նիստում: