ՀՀ-ի հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավն է. Սոբհանի

Մեհդի Սոբհանի
ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարեց, որ հիմա փորձում են ուսումնասիրել թաքնված այն ներուժը, որը կնպաստի Իրանի և ՀՀ–ի հարաբերություների զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավ սահմանն է։ «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Երկու երկրները երբևիցե իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ընձեռել միմյանց համար։ Մեր համագործակցությունը բազմազան ուղղություններով է զարգացել։ Փոխադարձ առևտրաշրջանառությունը բազմապատկվել է` հասնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,– ընդգծեց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Իրանը փոխադարձ շահավետ պայմանագրեր ունեն հատկապես ենթակառուցվածքների զարգացման բնագավառում։
«Մենք հիմա փորձում ենք ուսումնասիրել թաքնված այն ներուժը, որը կնպաստի երկու երկրների հարաբերություների աճին։ Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքի զարգացումը և հաղորդակցության ուղիների բացումը կնպաստի տնտեսության ճյուղերի և առևտրի զարգացմանը, ինչպես նաև` ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ Դրանք նաև ճանապարհ կհարթեն տարածաշրջանային մասնակցության համար»,– նշեց Մեհդի Սոբհանին։
Նա կոչ արեց` հենվելով անցյալի վրա` մտածել նոր ուղիների մասին։
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս է հայտարարել, որ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նաև հայտարարել է, որ Իրանը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, քանի որ ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։
2022 թ. հոկտեմբերի 21–ին սահմանամերձ Կապանում տեղի ունեցավ Հայաստանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումը։