ՀՀ դպրոցներում ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն առաջիկայում կավարտվի. ԿԳՄՍՆ

Ռուսերեն դասագրքեր
Հայաստանյան դպրոցների համար Ռուսական մարդասիրական առաքելությունը ՌԴ–ից 53 000 դասագիրք է բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն առաջիկայում կավարտվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Հայաստան է բերվել 53 000 ռուսերեն դասագիրք։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին։ Նա ընդգծել է, որ գերատեսչությունից անձամբ են դիմել ռուսական կողմին` դպրոցներին դասագրքեր տրամադրելու համար։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ ռուսերեն դասագրքեր տրամադրելու գործընթացը չի դադարեցվել։ Նշվել է, որ դրանք պարզապես պետք է համապատասխանեն կրթության պետական չափորոշչի պահանջներին, ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին։
«Դասագրքերը դպրոցներում աշակերտներին կտրամադրվեն փորձագիտական համապատասխան եզրակացությունից հետո։ Փորձագիտական դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացված ուսումնական նյութը երաշխավորվում է գործածության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով»,- նշել են նախարարությունից։
Փորձաքննությունն իրականացնում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ Ռուսական մարդասիրական առաքելությունը Հայաստան էր հասցրել համաշխարհային պատմության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաչափության 53 հազար դասագիրք։ Դեռևս մի քանի դպրոցի են տրամադրվել դասագրքերը, իսկ երեխաներին առայժմ դրանք չեն բաժանվել։ 800-ը փոխանցվել է Հայ–ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցին։ Մնացածը պետք է բաշխվեին Երևանի և մարզերի (Արարատ, Շիրակ, Արմավիր, Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Տավուշ) 27 դպրոցներին։