ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ–ում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ԱՄՆ–ում է աշխատանքային այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում։
«Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև»,–ասվում էհաղորդագրության մեջ:
Կողմերը երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել դեկտեմբերի 1–ին։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԱՄՆ էր մեկնել նաև հուլիսին, հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանտա Փաուերի հետ։