ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ավելի քան 600 հազար մարդ տարհանման հրաման է ստացել, նոր հրամանը խուճապ ու վախ է առաջացրել։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների օգնությամբ զբաղվող գործակալությունը։
«Հյուսիսում բնակվող մոտ 250 հազար մարդու համար սա երկրորդ տեղահանումն է։ Տարհանման հրամանը խուճապ, վախ և անհանգստություն է առաջացրել Գազայի բնակիչների շրջանում. շատերն արդեն մի քանի անգամ ստիպված են եղել տարհանվել պատերազմի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը նշում է, որ իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծությունները, իսկ զոհերի թիվը սրընթաց աճում է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: