ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանը գնահատում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առնչությամբ Իրանի և Հնդկաստանի դիրքորոշումը։ Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ վերջին 3 տարում ակտիվացել է Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական երկխոսությունը։ Դելիի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերություններից է։ Սաֆարյանը հիշեցրել է նաև, որ վերջերս գործարկվել է Հնդկաստանի և Իրանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափը: Ապրիլին Երևանում կայացել են 3 երկրի ԱԳՆ առաջին խորհրդակցությունները։
«Մենք գնահատում ենք Իրանի հստակ սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։ Մենք բարձր ենք գնահատում միջազգային հարթակներում Հայաստանի հարցերի վերաբերյալ Հնդկաստանի հնչեցրած դիրքորոշումները: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստերին»,- ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն աջակցում է Հնդկաստանին Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ ստանալու հարցում։
Ըստ փոխնախարարի՝ գործելով միասին` երկրները կարող են հասնել ընդհանուր նպատակի՝ մի իրավիճակի, երբ խաղաղությունն ու համերաշխությունը հաղթում են ուժի կիրառման սպառնալիքին և մարդու իրավունքների խախտմանը:
Սաֆարյանը նաև ուշադրություն հրավիրեց 2 երկրի միջև առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման ներուժի վրա: