Դելին պատրաստ է աշխատել Երևանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի շրջանակում․ դեսպան

Նիլակշի Սահա Սինհա
Հնդկաստանը ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երևանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նա ընդգծեց, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երևանի որոշումը։
Դեռևս 2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր Չաբահար նավահանգստում միջազգային բեռնափոխադրումների գործարկման և օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։
«Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ներկա իրողություններում Հայաստանը ինչպես կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները։ Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության ուղղությամբ, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, ինչպես նա կարող է օգուտ քաղել այդ միջանցքի շահագործման դեպքում»։
Նրա խոսքով՝ դեպի Ասիա տնտեսական հոսքերի ավելացումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար։ Հնդկաստանը, հասկանալով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, որոշել է իր ներդրումն ունենալ Չաբահարի նավահանգստի զարգացման հարցում, որը միայն տրանսպորտային հանգույց չէ։
Սինհան նշեց նաև, որ Հնդկաստանն առաջարկել է Չաբահար նավահանգիստը ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում, և շուտով այն իրականություն կդառնա։
«Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանի հարավային հատվածից մինչև Վրաստանի սահմանի հյուսիսային հատված (խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի մասին է- խմբ.): Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասաց Սինհան։
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։
Սանոսյանը մեկնել է Մումբայ. նա կմասնակցի Չաբահարի նավահանգստին նվիրված քննարկմանը
Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։