«Արթիկ» ՔԿՀ–ում ուսուցիչը փորձել է կասկածելի զանգվածով 21 գլանակ փոխանցել դատապարտյալին

ՔԿՀ
Ուսուցիչն ասել է, որ համաձայնել է տուփը ՔԿՀ բերել գումարի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դասավանդող ուսուցիչ Ա․ Ա․-ն, դատապարտյալից կաշառք ստանալով, փորձել է կանաչ, մանրացված բուսական զանգված մտցնել ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցչին։
Նրա անձնական իրերը խուզարկելիս ծառայողները նկատել են, որ ծխախոտի տուփի գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ տուփում առկա 21 գլանակները լցված են կանաչ, մանրացված բուսական զանգվածով։
«Ա․Ա․-ն բանավոր հայտարարել է, որ նշված ծխախոտի տուփը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտցնելու համար իր հետ մոտ մեկ ամիս շարունակ բանակցել է դասերին հաճախող դատապարտյալներից մեկը։ Արդյունքում Ա․Ա․-ն գումարի դիմաց համաձայնել է տուփը բերել քրեակատարողական հիմնարկ»,– ասված է հաղորդագրությունում։
Ուսուցիչը ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
Թմրանյութի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ–ի պայմանագրային աշխատողը