Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնեցին. համայնքապետարանի մոտ լարված վիճակ է

Համայնքապետարանի մոտ լարված վիճակ է, բնակիչները հավաքվել են շենքի մոտ՝ պահանջելով պաշտոնին վերադարձնել նախկին համայնքապետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik․ Ալավերդի խոշորացված համայնքի 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։
Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Նա ղեկավարում էր Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը։
Ավելի ուշ Ալավերդու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարվեց․ ոստիկանները շրջափակեցին շենքը՝ թույլ չտալով բնակիչներին ներս մտնել, որոնք հավաքվել են շենքի մոտ՝ ի պաշտպանություն արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի։ Ոստիկանները ստուգված ցուցակներով ներս են թողնում միայն աշխատակիցներին։
Ոստիկանները թույլ չեն տալիս բնակիչներին շենք մուտք գործել, ցուցակագրում են և ներս թողնում միայն աշխատակիցներին։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։