Լուրեր

Sputnik
▪️ «Սահմանին սադրանքներ իրականացնելով ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացն ու մտցնել այն փակուղի»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Պաշտպանության նախարարությունը երերկ հայտնել էր, որ ժամը 14։35-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակել է Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
▪️ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ Կարևոր է, որ երկկողմ խաղաղություն լինի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանու ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Եվրամիությունը մշտապես համագործակցում է Բաքվի ու Երևանի հետ»,- հավելել է Կլաարը։
▪️ Հայաստանի հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն առաջիկայում կավարտվի, Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Դասագրքերը աշակերտներին կտրամադրվեն փորձագիտական համապատասխան եզրակացությունից հետո։ Փորձագիտական դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացված ուսումնական նյութը երաշխավորվում է գործածության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով»,- մանրամասնել են գերատեսչությունից։ Նոյեմբերի 11-ին Հայաստան է բերվել 53 հազար հատ ռուսերեն դասագիրք։
▪️ «ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի ռեժիմով լիաֆորմատ տնտեսական ինտեգրման մոդելին անցնելու և ոլորտային համագործակցության խորացման շեմին են»,- Թեհրանում անցկացված EURASIA EXPO միջազգային ցուցահանդեսում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։ 2019 թվականի հոկտեմբերից ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործում է ժամանակավոր արտոնյալ առևտրային համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձ առևտրում մաքսատուրքերը նվազեցվել կամ վերացվել են ապրանքների՝ սահմանափակ անվանացանկով: