ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի գյուղացիները բողոքում են պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի դեմ ու սպառնում են փակել Արտաշատ–Երևան մայրուղին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մրգավետ գյուղի բնակիչ Վաղինակ Այվազյանը, որն այս պահին համագյուղացիների ու մարզի այլ գյուղերի բնակիչների հետ մասնակցում է բողոքի ակցիային։
Դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումները, որոնցով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։
«Անասունը պարտադիր սպանդանոցում մորթելու օրենքը գյուղացուն ձեռք չի տալիս։ Գյուղացին մի հատ անասուն է պահել, մի հատ խոզ է պահել, որ Նոր տարուն մորթի, մի բան օգուտ անի, վարկը փակի, Նոր տարի անի։ Հիմա գյուղացուն ասում են` տար սպանդանոց։ Սպանդանոց որտե՞ղ տանենք, ո՞նց տանենք, ինչո՞վ տանենք»,– ասաց մեր զրուցակիցը։
Այվազյանի խոսքով` իրենց գյուղի մոտ գտնվող սպանդանոցը 15 կմ հեռավորության վրա է։ Անասունն այնտեղ հասցնելու համար գյուղացին մեծ գումար պիտի վճարի։ Բացի այդ, նրա խոսքով, ճանապարհին կենդանին զարկվում է բեռնատարի թափքին ու վնասվում, իսկ սպանդանոցում ստացած վնասվածքների, կապտուկների պատճառով մսի որակը ցածր են գրանցում։
«Թող չպարտադրեն ժողովրդին, թող էդ սպանդանոցներն աշխատեն, իրենց արդարացնեն, որ ժողովուրդը վստահի, ինքը գնա, սպանդանոցին խնդրի։ Սննդի տեսչությանը հարց ենք տալիս, ասում ենք` ո՞նց տանենք, ինչո՞վ տանենք, սպանդանոցին ո՞նց վստահենք, ասում են` դա մեզ չի հետաքրքրում։ Բա ու՞մ է հետաքրքրում»,– նշեց Այվազյանը` հավելելով, որ արդեն 3-4 տարի սպանդանոցային մորթ է իրականացվում, բայց սպանդանոցներն էլ այդպես էլ չեն արժանացել գյուղացիների վստահությանը։
Արտաշատի մայրուղում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հարցերի պատասխանները ստանալու համար սպասում են կառավարության ու մարզպետարանի ներկայացուցիչներին։ Հակառակ դեպքում սպառնում են փակել ճանապարհը, քանի որ, նրանց խոսքով, միայն այդ դեպքում են պաշտոնյաները ստիպված լինում գնալ ու տեղում հանդիպել ժողովրդի հետ։