«Նախրի կառավարում` դաշտից պատառաքաղ սկզբունքով». ո՞ւմ համար է գրվել նախարարության նախագիծը

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը չի բացառում, որ գյուղոլորտին վերաբերող հերթական նախագիծը մշակվել է հատուկ ինչ–որ մեկի համար, որը հող է ձեռք բերել և ուզում է փող աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունն առաջիկայում կառավարության քննարկմանն է ներկայացնելու որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ–ում ստեղծել գյուղատնտեսական կենդանիների հատուկ շուկաներ` ապահովված հատուկ մասնագետներով ու ենթակառուցվածքներով` բուժկետ, կոյուղատար, սնվելու տարածքներ, կենդանիներին արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ և այլն։
Իրավական նախագծերի հարթակում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով»։
Նախագիծն ու հատկապես վերոհիշյալ հիմնավորումն արդեն արժանացել է հանության բուռն արձագանքին։ Հրապարակված նախագծի 15 արձագանքներից 11–ը բացասական է։
Գյուղոլորտի պատասխանատու գերատեսչության նոր նախաձեռնության մասին Sputnik Արմենիան զրուցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։
Ոլորտի մասնագետի դիտարկմամբ` նախագիծը մշակվել է հատուկ ինչ–որ մեկի համար։
«Ամեն մի նման ծրագրի տակ մարդիկ կան թաքնված, կոնկրետ անձինք։ Հաստատ մեկի հավեսը տվել է` մի տեղ տարածք է վերցրել, պարսպապատել է, ուզում է կենդանիներ վաճառել»,– ենթադրում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է նախագծին, նախկին փոխնախարարը մեղմ ասած զարմացած է` կործանվող գուղատնտեսության պարագայում փոխանակ գյուղացու հոգսը թեթևացնելու, կառավարությունը նոր կարգավորումներ է կատարում` է՛լ ավելի վատացնելով վիճակը։ Հատկապես այն դեպքում, երբ նախորդ ծրագրերը խոստացված արդյունքը չեն տվել ու նախարարությունն էլ հանրությանը դրանց համար կատարված ծախսերի ու իրական արդյունքների մասին հաշվետվություն չի ներկայացրել։
«Մի քանի կոպեկ փող կար պահուստ, անասնագլխաքանակի համարակալման ծրագիրը դրեցին։ Հիմա թող զեկուցեն հանրությանը` ի՞նչ համարակալեցին, ի՞նչ գլխաքանակ ստացան, դա ի՞նչ օգուտ բերեց ոլորտին, անասնաբուժական միջոցառումներն ինչքանո՞վ կանոնակարգվեցին, հիվանդությունների տարածվածությունը ինչքանո՞վ նվազեց։ Էդքան միլիարդներ ծախսեցին, թող ցույց տան, ասեն` այսքան միլիարդ ծախսել ենք, պատերազմող, սոված, փախստականներով լի երկրին 1 լումայի օգուտ ենք բերել։ Թող մի բան ասեն` մենք մտածենք, որ գործ են արել»,– ասաց Հարությունյանը։
Սպանդանոցների դեմ բողոքը մեկ նպատակ ունի. նախկին փոխնախարարը հորդորում է 3 օր մորթ չանել
Նրա խոսքով` միայն պաշտոնական տվյալներով` 2020թ–ից սկսած մինչև 2023թ–ի հունվար անասնագլխաքանակը ՀՀ–ում նվազել է շուրջ 80 000–ով` 580 000–ից հասնելով 500 000–ի, ինչը, նրա մեկնաբանմամբ, անասնապահության ոլորտում կառավարության իրականացրած ծրագրերի արդյունավետության խոսուն վկայությունն է ։
«Էլ ի՞նչ դաշտ, ի՞նչ պատառաքաղ»,– նշում է մեր զրուցակիցը` միաժամանակ բացատրելով, որ էկոնոմիկայի նախարարության հերթական նախագծում տեղ գտած տարօրինակ ձևակերպումն իրականում ոչ մի առնչություն չունի անասնապահության հետ։
««Դաշտից պատառաքաղը» լրիվ ուրիշ բան է, դա ջրերի կառավարման ծրագիր էր, օրգանական գյուղատնտեսության ծրագիր էր։ Նույնությամբ վերցրել, գրել են։ Անասնագլխաքանակն ի՞նչ կապ ունի դաշտի հետ։ Այնտեղ արոտները պիտի բարելավեին, որ այդպես էլ չարեցին»,– ասում է Աշոտ Հարությունյանը։
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության հեղինակած «ՀՀ–ում գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները և անասնաբուժասանիտարական վերահսկողության կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկման ժամկետը լրանում է 2023թ–ի դեկտեմբերի 15–ին։
Եթե գյուղատնտեսությունը թվայնացված է, ուրեմն ես չինարենի լավագույն մասնագետն եմ. տնտեսագետ
Դրանից հետո այն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ ընդունվելու դեպքում իրավական ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։