Մինչև դեկտեմբերի վերջ ԵԱՏՄ-ն Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագիր կստորագրի

EURASIA EXPO միջազգային ցուցահանդեսում
Ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի ռեժիմով լիաֆորմատ տնտեսական ինտեգրման մոդելին անցնելու և ոլորտային համագործակցության խորացման շեմին են: Տեղեկությունը Թեհրանում EURASIA EXPO միջազգային ցուցահանդեսում հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
2019 թվականի հոկտեմբերից ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործում է ժամանակավոր արտոնյալ առևտրային համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձ առևտրում մաքսատուրքերը նվազեցվել կամ վերացվել են ապրանքների սահմանափակ անվանացանկով:
«Մենք տեսնում ենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կրկնապատկվել է։ Տեսնում ենք, որ երկու կողմերի բիզնեսը շահագրգռված է կոոպերացիայի համար պայմանների լրացուցիչ բարելավմամբ։ Մեր պատասխանն այս պահանջարկին այն է, որ մինչև այս ամսվա վերջ կստորագրվի արդեն լիաֆորմատ համաձայնագիր, որը կհաստատի, որ գրեթե ամբողջ առևտուրն իրականացվելու է առանց մաքսատուրքի, ինչպես նաև կնվազեցվեն ոչ սակագնային արգելքները։ Վստահ եմ, որ կան բոլոր հնարավորությունները առևտուրը ևս մեկ անգամ կրկնապատկելու համար», - ավելացրել է Սլեպնյովը։
Ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորությամբ: