ՀՀ-ն և ՌԴ-ն կքննարկեն հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի խախտումները

Ռուսական կողմն ընդունել է հրավերը, խորհրդակցությունները նախատեսվում են դեկտեմբերի կեսերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին` երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։
«Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել հիշյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,- ասել է Ավետ Պողոսյանը:
ԲՏԱ նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ ռուսական կողմն ընդունել է հրավերը, խորհրդակցությունները նախատեսված են դեկտեմբերի կեսերին։
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտնել էր հայկական կողմի հրավերի մասին և հույս հայտնել, որ այդ խորհրդակցությունները հնարավորինս արագ տեղի կունենան, որպեսզի հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում։
Հավելենք, որ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գործում է 2020թ․ դեկտեմբերի 30-ից։ Այն կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, հայկական հեռուստաալիքներինը` ՌԴ–ում։