ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից ժամանած փորձագետների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նրանց է ներկայացրել նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից ժամանած փորձագետների հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փորձագետները ՀՀ են ժամանել «Նոր տարածաշրջանային իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակության կազմում։
«Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։
Հիշեցնենք, որ նախնական գնահատումների համաձայն` «չոր նավահանգստի» նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։ Ամենայն հավանականությամբ` նախագիծն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի, և կա նաև հավանականություն, որ 2024 թվականին կկարողանան սկսել նաև շինարարական աշխատանքները։