«Fly Arna»–ն հերքում է թռիչքների կասեցման լուրը

Ավիաընկերությունից նշում են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք կարգավորվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Fly Arna»–ն հերքում է թռիչքների կասեցման վերաբերյալ տարածված լուրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների` ընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացի։ Այս մասին որոշումը կայացվելու է դեկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք կարգավորվել են։ Ընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար: Ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։
Հիշեցնենք նաև` ընկերությունը 2021 թ. դեկտեմբերի 10–ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ–ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող։
Նշենք, որ ավիաընկերության կողմից շահագործվող 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը նոյեմբերի վերջին դուրս է բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ Հնդկաստան: