ԵՄ-ն կհայտարարի Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

ԵՄ դրոշը
Նախնական նախագծի համաձայն ՝ ԵՄ-ն Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ը, կարող է որոշում ընդունվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ եվրոպական դաշինքին միանալու շուրջ բանակցություններ սկսելու մասին: Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ եզրակացությունների նախագիծը։
«Եվրոպական խորհուրդը որոշել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ», — նշվում է տեքստում: Գործակալությունը ճշտում է, որ փաստաթղթի բովանդակությունը դեռ կարող է փոխվել։
Նախնական նախագծի համաձայն՝ ԵՄ-ն Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի։ Նման հնարավորություն կտրվի նախկին ԽՍՀՄ երկրին, եթե բավարարվեն անհրաժեշտ չափանիշները։ Եվրամիությունը կարող է նաև հայտարարել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։
Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է Եվրամիությանը երկրի անդամակցության բոլոր հանձնարարականների կատարման մասին: Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին Կիևը ստացել է Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ և յոթ հանձնարարականներից բաղկացած ցուցակ, որոնք պետք է կատարվեն ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին հաջորդ քայլի համար: