Բռնցքամարտիկ Հեղինե Պետրոսյանը աշխարհի առաջնության փոխչեմպիոն է

Պայալ Պայալն ու Հեղինե Պետրոսյանը
Հայաստանը ներկայացնող երեք աղջիկներից միայն Հեղինե Պետրոսյանին էր հաջողվել հասնել մինչև եզրափակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի համար գոտեմարտում Հեղինե Պետրոսյանը (48 կգ) մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պայալ Պայալի հետ։ Երեք ռաունդների ընթացքում էլ հնդիկ բռնցքամարտիկը անհամեմատ դիպուկ էր աշխատում և արժանի հաղթանակ տարավ, իսկ Հեղինե Պետրոսյանը բավարարվեց արծաթե մեդալով։
Նշենք, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք աղջիկներից միայն Հեղինե Պետրոսյանին էր հաջողվել հասնել մինչև եզրափակիչ։
Առջևում Հայաստանի հերթական բռնցքամարտիկի՝ Տիգրան Հովսեփյանի եզրափակիչ մենամարտն է 50 կգ քաշային կարգում, որտեղ նրան մրցակիցն է լինելու բուլղարացի Անգել Դիմիտրով Յանկովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Վաղարշակ Քեյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արեն Խառատյանն ու Սամվել Սիրամարգյանը դարձան արծաթե մեդալակիրներ։
Երևանում նոյեմբերի 24-ին մեկնարկած Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 4-ին։