ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծին վերաբերող հայտարարության քննարկումը։
Նախագիծը լրամշակելու առաջարկով հանդես եկավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հաշվի առնելով ՔՊ մեծամասնությանը, որը պատրաստվում էր դեմ քվեարկել։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատեց նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնեց ԱԺ։ Այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: