ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ խորհրդարանը ԱՊՊԱ պայմանագիր չունեցող քաղաքացիների համար խրախուսող նորմ է առաջարկում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Հիմա ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 000 դրամով։
«Ըստ խրախուսվող նորմի` ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում պայմանագիր կնքելու և դրա մասին հավաստի ապացույց ոստիկանություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կկարողանա վճարել 25 000 դրամ տուգանք` 100 000–ի փոխարեն»,– ասաց Աղաջանյանը։
Հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեռևս որոշ տեխնիկական հարցեր պետք է քննարկվեն։ Ներկա պահին հստակեցումներ պետք է մտցվեն, որ գուցե ՆԳՆ–ում տվյալների բազա ստեղծվի, որպեսզի, այնուամենայնիվ, վարորդները ստիպված չլինեն գնալ ոստիկանություն և ներկայացնել համապատասխան փաստաթուղթը։
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում և կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: