Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի

Ռոման Բերեզովսկի
Չինաստանի Ուհան քաղաքում կայացել է Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային աստղերի բարեգործական հանդիպումը, որին հրավիրվել էր նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Հենց նրա շնորհիվ էլ հաղթեց Եվրոպայի հավաքականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ բարեգործական բազմաթիվ հանդիպումներ են կայանում, և եզակի դեպքերում է, որ նման խաղերում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը։ Մեր հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց համաշխարհային աստղերի հետ խաղի իր տպավորություններից։
Ռոման Բերեզովսկին համաշխարհային աստղերի հետ հանդիպմանը
-Ռոման, ինչպես ստացվեց, որ դու մասնակցեցիր ֆուտբոլային աստղերի հանդիպմանը։
-Երկու ամիս առաջ հրավեր ստացա ու անմիջապես համաձայնեցի, քանի որ ոչ բոլորին է հաջողվում նման հեղինակավոր ֆուտբոլիստների հետ խաղադաշտ դուրս գալ։ Լեգենդար ֆուտբոլիստների հետ շատ հետաքրքիր է ոչ միայն ֆուտբոլ խաղալը, այլ նաև շփվելը։ Խաղին մասնակցում էին 4 ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին «Ոսկե գնդակի» են արժանացել։
-Անկախ նրանից, թե ինչ նշանակություն ուներ այդ հանդիպումը, պարզ է, որ կարևորը հաշիվը չէր։ Կարևորը նպատակն էր՝ բարեգործություն։ Բայց ամեն դեպքում ինչպե՞ս ընթացավ հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի, բայց 11 մետրանոցներով հաղթեց Եվրոպայի հավաքականը։
- Ես երկրորդ խաղակեսին մասնակցեցի։ Ու երեք գնդակ բաց թողեցի։ Անկեղծ ասած՝ ես ինչ- որ սցենարի ծանոթ չէի, քանի որ հանդիպման վերջնամասում Հարավային Ամերիկայի թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ չինացի մի ֆուտբոլիստ՝ հենակներով։ Մենք չգիտեինք էլ՝ ինչպես խաղանք նրա դեմ, ու ընդ որում՝ նա շատ ազարտով էր խաղում։ Ինչևէ, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 5։5 հաշվով։ Նկատվեց, որ Չինաստանում առանձնահատուկ էին վերաբերվում Ռոբերտո Բաջիոյին, Կակային և Գաբրիել Բատիստուտային։
Ռոման Բերեզովսկի
- 11 մետրանոցներով հաղթեց Եվրոպայի թիմը...
-Այո (ծիծաղում է)։ Հետխաղաղյա 11 մետրանոցների հարվածաշարում ես հետ մղեցի մրցակցի վերջին հարվածը, ու մենք հաղթեցինք։
-Ժամանակին Ռոման Բերեզովսկին անընդհատ փրկում էր Հայաստանի, հիմա էլ՝ Եվրոպայի հավաքականին...
-Գիտեք, կարևորը այդ հաղթանակը չէր։ Կարևորը այն մթնոլորտն էր, որը ստեղծվել էր երկու հավաքականների ու երկրպագուների միջև։ Շփվելով լեգենդար ֆուտբոլիստների հետ՝ նրանց ավելի մոտիկից ես ճանաչում որպես մարդ, քանի որ որպես ֆուտբոլիստ ամեն ինչ տեսել ես։ Բաջիոն այնքան համեստ ու հանգիստ մարդ էր, որ ես ուղղակի զարմացել էի։ Կարևորն այն էր, որ աստղերը ինձ հարցնում էին՝ «Armenia?»։ Ես հպարտ եմ, որ նրանք ովքեր չգիտեին Հայաստանի մասին, իմացան, ու շատերի հետ ես զրուցեցի մեր երկրի ու մեր ֆուտբոլի մասին։ Բարեկամական մթնոլորտ էր։
-Ռոման, մենք տեղյակ ենք, որ դու Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի սիրողական մրցաշար ես անցկացնում, որի եզրափակիչը դեռ չի կայացել։
-Այո, Հայաստանի մի քանի մարզերում մենք մրցումներ ենք անցկացրել, ու Վայքում պետք է կայանար եզրափակիչը, բայց Արցախում տեղի ունեցած դեպքերի պատճառով այն հետաձգվեց։ Հուսով եմ, որ հաջորդ տարվա գարնանը, կկազմակերպենք նաև եզրափակիչը։ Ընդ որում նշեմ, որ ես մի քանի ֆուտբոլիստների եմ արդեն առանձնացրել, որոնք ֆուտբոլային շատ լավ որակներ ունեն, ու կարող են խաղալ նաև ավելի բարձրակարգ մրցաշարերում։
Ռոման Բերեզովսկի
-Ռոման, բացի Հայաստանի հավաքականից, դու դարպասապահներին մարզում ես նաև «Նոա» ակումբում։ Պարզ է, որ դու նաև դարպասապահներին դիտարկում ես նաև հավաքականի հավանական թեկնածու լինել-չլինելու տեսանկյունից։
-Կան դարպասապահներ, որոնց ես ուշադրությամբ հետևում եմ։ Ուրախ եմ, որ Գոռ Մատինյանն ու Արման Ներսիսյանը զգալի առաջընթաց են գրանցել։ Ճիշտ է, նրանց գործողություններում դեռևս կայունությունը ցանկալի մակարդակի վրա չէ, բայց լավ դարպասապահ դառնալու բոլոր տվյալները ունեն։
Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կարիերան ավարտելուց հետո շարունակում մնալ խաղադաշտում։ Հայաստանի ազգային հավաքականի դարպասը 94 խաղերում պաշտպանած Ռոման Բերեզովսկին չկարողացավ հեռանալ ֆուտբոլից, ու երկու թիմերում՝ «Սոչի» և «Փյունիկ», աշխատեց որպես գլխավոր մարզիչ։ Հիմա շարունակում է մտածել ազգային հավաքականի ու «Նոա» ակումբի դարպասը պաշտպանելու մասին։