ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում են Ֆանսիայի Սենատի կայքում հրապարակված՝ 2024 թվականի երկրի պաշտպանական բյուջեի նախագծից։
««Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են»,–նշված է կայքում։
Ըստ հաղորդագրության, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
Զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարեց, որ Փարիզը համաձայնություն է տվել Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 21-ին հայտնեց, որ Փարիզն ու Երևանը հոկտեմբերի 22-ին կձևակերպեն ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության մատակարարման պայմանավորվածությունները։