ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Spunik. Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը եզրափակիչ դուրս եկավ Վաղարշակ Քեյանը, որը 48 կգ քաշային կարգում մենամարտեց գերմանացի Էմալ Համդամի հետ։
Մենամարտի երկու ռաունդների ընթացքում հավասար ու անզիջում պայքար էր ծավալվել ռինգում։ Երրորդ ռաունդում Քեյանի հարվածից հետո գերմանացին հայտնվեց նոկդաունում, իսկ մնացած ժամանակահատվածում հայ բռնցքամարտիկը կարողացավ պահպանել իր առավելությունն ու մրցավարների 4։1 որոշմամբ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Վաղարշակ Քեյանը այս տարիքային խմբում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, մինչև եզրափակիչ 4 մենամարտ է անցկացրել ու բոլոր մենամարտերում էլ հաղթել է բացահայտ առավելությամբ։
Այսօր կայանալիք եզրափակիչներում Հայաստանը ունի ևս երկու ներկայացուցիչ՝ Արեն Խառատյանն ու Սամվել Սիրամարգյանը։