Ապրելու և արարելու համար. արցախցի կանայք դայակների և խնամակալների թիմ են ստեղծել

Արփի Վանյանն ու Ռուզաննան
Նախաձեռնությանը միացած կանանց 99%-ը բարձրագույն կրթություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 կանայք, որոնք տարբեր մասնագիտություններ ունեն, համախմբվել են աշխատանք գտնելու համար։ Այդ հարցում նրանց փորձում է օգնել հադրութցի գրող Արփի Վանյանը, որի համար սա առաջին նախաձեռնությունը չէ. դեռ 2020-ին Հադրութից տեղահանվելուց հետո նա ստեղծել է երեխաների զարգացման կենտրոն։
Այս թիմում հավաքված կանայք բարձրագույն կրթություն ունեն` մանկավարժներ են, բուժաշխատողներ, հոգեբաններ։
Արփի Վանյանը նախաձեռնությունը սկսել է մոտ 1 ամիս առաջ` գրել է «Ֆեյսբուքի» իր էջում, ու լուրը սկսել է տարածվել։
«2020 թվականին Հադրութից տեղահանվելուց հետո սեփական փորձով եմ համոզվել` ընկճախտից փրկում է աշխատանքը, հենց այդ պատճառով էլ որոշեցի փորձել մյուս կանանց էլ ես օգնել։ Դե, հասկանալի է, պետության կամ անհատների տրամադրած գումարներով ու աջակցությամբ չեն կարող ամբողջ կյանքում ապրել. մշտական եկամտի աղբյուր է պետք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արփին։
Նա գրառումից հետո հարյուրավոր զանգեր ու նամակներ է ստացել։ Սկզբում մտածել է, թե միայնակ էլ կկարողանա գործը գլուխ բերել, բայց հիմա աշխատանքային թիմ է ստեղծում։ Բացի աշխատանք փնտրող արցախցի կանանցից, դիմում են նաև գործատուները, որոնք իրենց երեխաների, տարեց ծնողների համար դայակներ կամ խնամակալներ են փնտրում։ Համագործակցությունն առայժմ անհատների հետ է, ոչ թե մանկապարտեզների կամ դպրոցների։
Արփի Վանյանը
Այս գաղափարի շնորհիվ թիմում օրեցօր ավելանում է կանանց թիվը։ Արդեն 3-4 շահառու փորձաշրջան է անցնում։ Արփին ընդգծում է, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթանում, քանի որ հաճախ որոշակի խնդիրներ են առաջանում` ինտեգրման, վախերի, լեզվի առումով։ Հիմնական խնդիրը քաղաքին ծանոթ չլինելու կամ աշխատավայրի հեռու լինելու հանգամանքն է։
Շահառուներից մեկը տարրական դասարանների դասվարի որակավորում ստացած 37-ամյա Ռուզաննան է Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից։ Շուշիի մանկավարժական քոլեջում է աշխատել, մանկավարժություն է դասավանդել ու զբաղվել կազմակերպչական հարցերով։ Մարտունիում էլ մանկապարտեզում դաստիարակ է եղել։ Նա հենց այն շահառուներից է, որոնք փորձաշրջան են անցնում. աղջիկ երեխայի հետ պետք է դասապատրաստում անի։
Ռուզաննան
Նախաձեռոնւթյանն է միացել նաև ստեփանակերտցի 41-ամյա Գայանեն, նա մասնագիտությամբ կենսաբանության ուսուցիչ է, 2 ամիս փորձել է աշխատանք գտնել, բայց ապարդյուն։ Եղել է դեպք, երբ իմացել են, որ մանկապարտեզ հաճախող փոքր երեխա ունի, ասել են` չեն կարող ընդունել աշխատանքի, որովհետև փոքրիկը կարող է հիվանդանալ։
«Մի տեղ նույնիսկ խնդրեցի, որ երեխայիս էլ իրենց մոտ տանեմ մանկապարտեզ, թեկուզ որոշակի վարձավճարով, ես էլ հենց այդտեղ դայակ կամ դաստիարակ աշխատեմ, էլի չհամաձայնեցին։ Ասացին, թե խոխես կարող ա չարություն անի, եթե ես էնտեղ լինեմ։ Ես հասկանում չըմ։ Ինձ ձգում է, որ երեխաների հետ աշխատեմ` դաստիարակ կամ դայակ լինեմ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գայանեն։
Դպրոց էլ է գնացել, բայց կենսաբանության ուսուցչի հաստիք չի եղել։ Հուսով է, որ նախաձեռնության շնորհիվ ի վերջո կանցնի աշխատանքի։
Նշենք, որ նախաձեռնության շրջանակում մատուցվում են հետևյալ ծառայությունները` նորածինների, փոքր և միջին տարիքի երեխաների դայակներ, դասապատրաստող դայակներ, ուղեկցող դայակներ, մեծահասակների և հիվանդների խնամակալներ։
Պաշտոնական տվյալներով` ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից 2384–ն են աշխատանքային պայմանագիր կնքել (նոյեմբերի 14-ի դրությամբ), միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնում որպես աշխատանք փնտրող հաշվառվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 3490 քաղաքացի, որոնցից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ։