«ՏաԹևերը» «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել

Ռուբեն Վարդանյանի որդին
Պատվավոր մրցանակը ստանալիս Դավիթ Վարդանյանը խոսել է հոր` «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին, որն այս պահին գտնվում է Բաքվի բանտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Travel Awards»–ի: Այդ մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ 30–րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1–ին Դուբայում։
Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»։
Պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:
«Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,– արարողության ժամանակ ասել է Դավիթ Վարդանյանը:
Նշենք, որ «World Travel Awards» մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ. և համարվում է ճանապարհորդության ու հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:
«ՏաԹևերն» արդեն 2–րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն ճոպանուղի. 1–ին մրցանակը շնորհվել էր 2021 թվականին:
«ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր):