ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանվածները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող Երիտասարդության պուրակում՝ «Բարեկամության ձեռքեր» հայտնի հուշարձանի հարևանությամբ, այսօր իրենց ստեղծագործությունները ներկայացրին` գեղանկարներ, զարդեր, ձեռագործ հուշանվերներ և պայուսակներ, ձևավորված բարձեր, սփռոցներ, խաղալիքներ․․․ այստեղ կարելի էր նաև ժենգյալով հաց համտեսել, տաք թեյ կամ անուշաբույր գլինտվեյն խմել։ Իսկ արվեստի տոնավաճառի անցկացման առիթը Ստեփանակերտի հայտնի «Tumanyan's ART» մշակութային կենտրոնի և սրճարանի վերածնունդն էր։
««Tumanyan's ART»-ը «ՄիլաԳրի» նախագծի շարունակությունն է․ հիմնադրամը զբաղվում էր ներառական կրթությամբ: Մենք հատուկ երեխաների համար ծրագրեր ենք իրականացնում 2016 թվականից: 2020 թվականի պատերազմից հետո ուզում էինք ընդլայնել նախագիծը, իսկ դրա համար լրացուցիչ միջոցներ էին անհրաժեշտ։ Լեռնային Ղարաբաղում ներդրողներ գտնելը հեշտ չէր, արդյունքում գաղափար առաջացավ սրճարան բացել՝ տնական խոհանոցով, որը նույնպես յուրօրինակ մշակութային կենտրոն դարձավ»,- պատմեց «Tumanyan's ART»-ի հիմնադիր Քրիստին Բալայանը։
Երկու տարվա ընթացքում «Tumanyan's ART»–ը Արցախի բնակիչների սիրելի անկյունն էր դարձել։ Այստեղ պարբերաբար միջոցառումներ էին անցկացվում երեխաների և մեծահասակների համար: Ընդ որում` շրջափակման ժամանակ բոլոր միջոցառումներն անվճար էին։
Տեղահանման վերջին շաբաթվա ընթացքում Քրիստինն ու նրա ամուսինը՝ Վադիմը, ճաշեր էին պատրաստում և հաց թխում Ստեփանակերտում հավաքվածների համար։ Քրիստինի ընտանիքը նաև սնունդ էր ապահովում բենզալցակայանի պայթյունից տուժածների համար` ճաշ էին տանում հիվանդանոցներ: Ամուսինները հայրենի հողից հեռացող վերջին մարդկանց թվում են եղել։
«Հիմա պետք է շատ աշխատել, ինչ-որ բան անել․․․ լրիվ ծանրաբեռնված լինել, որ չխելագարվես»,- ասում է Քրիստինը։
Քրիստին Բալայանը
© Sputnik / Lilit Harutyunyan
Երևանի «Tumanyan's ART»-ը շարունակելու է ներառական ծրագրեր իրականացնել ոչ միայն Արցախից տեղահանված երեխաների, այլև տեղացիների համար: Բացի այդ, կենտրոն-ռեստորանում պարբերաբար միջոցառումներ կանցկացվեն նաև մեծահասակների համար։
«Մենք ձգտում ենք, որ «Tumanyan's ART»-ն այստեղ յուրօրինակ կենտրոն դառնա արցախցիների համար», - խոստովանում է Քրիստինը:
Այստեղ հնարավոր կլինի ծանոթանալ նաև արցախյան խոհանոցի այնպիսի հայտնի ուտեստների, ինչպիսիք են լոբու շորվան, թանով ապուրը, կորկոտը, խաշիլը, լոբով պաշտետն ու թթուները, որոնք Քրիստինն անձամբ է դնում։ Կենտրոնում գործելու է նաև արցախցի վարպետների ձեռքի աշխատանքների տաղավար։
«Tumanyan's ART» կենտրոնի և սրճարանի վերածննդի կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ
© Sputnik / Lilit Harutyunyan