ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թ. օգոստոսին:
«Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն ուշ ավարտելու պատճառների մասին և պատասխանատուներին հանձնարարել խստագույնս պահպանել բոլոր ծրագրերով նախատեսված ժամանակացույցին և աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:
Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորում: