ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Կատարից հետ կանչել «Մոսադ» հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, քանի որ Գազայի հատվածում պատանդներին ազատելու դիմաց հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին։
«Նեթանյահուի կարգադրությամբ «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան Դոհայում իր թիմին հրահանգել է վերադառնալ Իսրայել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նեթանյահուի գրասենյակը պնդում է` ՀԱՄԱՍ շարժումը չի կատարել համաձայնագրի իր մասը, որը նախատեսում էր երեխաների և կանանց ազատ արձակել մի ցուցակով, որին հավանություն էին տվել պաղեստինցիները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։