Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին

Սպանություն կատարած անձը խոստովանել է, որ տարեց կնոջը սպանել է և երկու բջջային հեռախոս հափշտակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Ագարակ համայնքում 93–ամյա Արաքսյա Առաքելյանի սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ տեղեկացրել էինք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել է գլուխը ջնջխված կնոջ դի։
Պարզվել է, որ Արաքսյա Առաքելյանին սպանել և նրան պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել է նույն գյուղի 24–ամյա բնակիչ Է. Ա.–ն։ Նա նույն օրը ձերբակալվել է Երևանում և խոստովանական ցուցմունք տվել, որ տարեց կնոջը ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել է և նրան պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել։
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը։ Նրա աջ ձեռքի վրա վնասվածք է եղել, ասել է` վնասվածքը ստացել է Արաքսյա Առաքելյանին հարվածելու հետևանքով:
Դեպքի առթիվ 2023 թ. դեկտեմբերի 1–ին ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է։