Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց. նա արդեն դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Գրիգորի Խաչատուրով
Գեներալ–մայորը կալանավորված էր մարտի 16-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Ավելի վաղ փաստաբանը մեզ ասել էր, որ այսօր նա պետք է դուրս գա ՔԿՀ–ից, սակայն տեխնիկական որոշ հարցեր են առաջացել։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեկ որոշեց Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակել 20 մլն գրավի դիմաց։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։