ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանում կամ տարածաշրջանի սահմանների վերաձևում: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետհանդիպման ժամանակ:
«Փոխնախագահը նաև քննարկել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հետկոնֆլիկտային պլանավորմանը վերաբերող գաղափարները, այդ թվում` դրա վերականգնման, անվտանգության ապահովման և կառավարման ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարիսն ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չպետք է պահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ:
Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կհակասի ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցի ժողովրդի շահերին ու տարածաշրջանային անվտանգությանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։