ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն առաջիկայում ազատվի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Խաչատրյանը վերջերս հաճախ է սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնվում։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ ԲՏԱ նախարարությունը մեծ դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը դադարեցրած մի շարք ընկերությունների։
«Ռոբերտ Խաչատրյանը նախարար է նշանակվել նախկին նախարար Վահագն Խաչատուրյանի նախագահ դառնալուց հետո` հենց նորանշանակ նախագահի միջնորդությամբ: Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ կային, որ Խաչատրյանին ազատելու են, և նա տեղափոխվելու է ՀՀ նախագահի աշխատակազմ»,– գրում է թերթը:
Նրան փոխարինողի նոր անուն է շրջանառվում։ Չի բացառվում, որ այդ պաշտոնում սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը նշանակվի:
Հիշեցնենք` Խաչատրյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել 2022 թվականի ապրիլին։