Քերոբյանն ակնկալում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի 8200 դոլարի

Վահան Քերոբյանը «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում
Կառավարությունը մի շարք ծրագրեր է մշակել, որոնք ուղղված են տնտեսության արդիականացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։ Նա այս մասին հայտարարեց «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում՝ ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը։
Նախարարը միաժամանակ շեշտեց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։
Նրա խոսքով՝ թեպետ ցուցանիշով Հայաստանը բարելավել է դիրքերն այլ երկրների համեմատությամբ, սակայն շարունակում է մնալ համաշխարհային վարկանիշի 88-րդ հորիզոնականում:
«Մեր տնտեսության կառուցվածքը դեռևս մնում է պարզ, արտահանվող ապրանքներն ու ծառայությունները դեռևս բազային են»,- նշեց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ աշխատանքի արտադրողականությունը խթանելու համար կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց թվում է տնտեսության արդիականացումը։ Այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է ընկերությունների ձեռք բերած նոր հոսքագծերի, սարքավորումների վարկերի տոկոսների մեծ մասը։
«Կանխատեսումներով այս տարվա վերջին ավելի քան 3 հազար ընկերություն ձեռք բերած կլինեն մոտ 200 մլրդ դրամի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն այդ ընկերություններին դառնալ ավելի մրցունակ»,- ասաց Քերոբյանը։
Հաջորդ տարի չվերթեր կմեկնարկեն Երևանից դեպի Բեռլին և չինական որոշ քաղաքներ. Քերոբյան
Բացի այդ, մշակված ծրագրերից մեկն աջակցում է բիզնեսին արտասահմանից ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք կօգնեն բարձրացնել ընկերությունների մրցունակությունն ու նորարարությունը։ Կառավարությունը կփոխհատուցի եռամյա աշխատավարձի մինչև 20-70 տոկոսը։ Ներկայում արդեն Հայաստանում աշխատում են մոտ 400 նման մասնագետ։ Քերոբյանը նաև հիշեցրեց, որ շաբաթներ առաջ կառավարությունը հաստատել է տնտեսապես բարդ ապրաքնների արտադրության օժանդակության ծրագիրը։ Խոսքը այնպիսի ապրանքների մասին է, որոնք առավել գիտելիքահեն են, ունեն առավել փոքր մրցակցություն արտաքին շուկաներում և կարիք ունեն ավելի լուրջ ներդրումների։
«Մենք պատրաստ ենք նման ներդրումների պարագայում քեշբեքի և հարկային արտոնությունների տեսքով ընկերություններին վերադարձնել իրենց ներդրումների մինչև 35 տոկոսը»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Քերոբյանը հավելեց, որ կառավարությունը բազմապատկել է նախարարության տնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն։ Եթե 2020 թվականին այն կազմում էր 20 միլիարդ դրամ, ապա 2024-ին՝ 92 միլիարդ դրամ։
Պատժամիջոցների ցանկում հայկական նոր ընկերություններ չկան․ Քերոբյան