ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի հատուկ ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում, հայտնում է Wall Street Journal թերթը` հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին:
Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Մոսադ» արտաքին հետախուզության ծառայությանը կարգադրել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ գործել ամբողջ աշխարհում:
«Իսրայելական հատուկ ծառայությունները պատրաստվում են սպանել ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին ամբողջ աշխարհում (երբ Գազայի հատվածում պատերազմն ավարտվի)` պայմաններ ստեղծելով հոկտեմբերի 7-ի զանգվածային սպանությունների համար պատասխանատու գրոհայիններին գտնելու բազմամյա արշավի համար»,-նշվում է հրապարակման մեջ:
Մասնավորապես, ծրագրեր են մշակվում ՀԱՄԱՍ-ի` Լիբանանում, Թուրքիայում և Կատարում ապրող առաջնորդներին գտնելու համար։
Ներկայում Իսրայելն աշխատում է Գազայում շարժման ղեկավարներին բռնելու և ոչնչացնելու ուղղությամբ, գրում է թերթը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը, որը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։ Դեկտեմբերի 1–ին Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում։